Սեպտեմբերի 28-ի երեկոյան Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան ազգային մարզադաշտում տեղի է ունեցել իշխող կուսակցության` «Ազգային միասնական շարժման» նախընտրական հանրահավաքը: Վրացական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն 60 հազար մարդ տեղավորող մարզադաշտում բոլոր տեղերը զբաղված են եղել, իսկ եւս 10 հազար մարդ տեղավորվել են վազքուղիների վրա:
Հանդես գալով հանրահավաքի ժամանակ` նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ «Սա ամենախոշոր հանրահավաքն է, որը երբեւէ տեղի է ունեցել Վրաստանում»:
«Չնայած այս ամենին, ցանկանում եմ դիմել «օրենքով գողերին», թող ետ վերադարձնեն տոմսերը: Վրաստանում նրանց ոչ ոք չի սպասում»,-հայտնել է նախագահը: Նրա խոսքով, երեք օրից Վրաստանը ընտրություն կկատարի, որը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքին, գյուղին, երեխային, ծնողին, տարեցին: «Երբեք Վրաստանը չի եղել նման ընտրության առաջ: Ցանկանում ենք զարգացում կամ վերադարձ անցյալ: Սա մեծ ընտրւթյուն է եւ ինձ անհրաժեշտ է ձեր օգնությունը»,-հայտնել է Միխայիլ Սահակաշվիլին, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:
Մենք արել ենք այն ինչ կարողացել ենք, հավանաբար, կարող էինք ավելին անել, ասել է Սահակաշվիլին:
Առաջատար ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները, մեկնաբանելով նախագահի հայտարարությունը` «աբսուրդային» են անվանել այն վստահեցումները, ըստ որի իր ընտրման դեպքում «երկիրը կվերադառնա անօրինականության եւ «օրենքով գողերի» տիրակալության ժամանակներ»:
Հիեցնենք, որ հոկտեմբերի 1-ի ընտրություններից առաջ «Վրացական երազանքի» հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` Թբիլիսիի Ազատության հրապարակում:





























