Վրաստանում շարունակվում են սկանդալային բացահայտումները: «Մաեստրո» հեռուստաալիքը համառոտ գովազդել է վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին տեսագրության ցուցադրումը, նաեւ կադրեր է ցուցադրել, ըստ որոնց Աջարիայի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Թեմուր Փաթարիձեն Մոսկայում  պատվիրել է քրեական հեղինակություն Վաթո Քիփիանիի սպանությունը:

Հեռուստաալիքը հաղորդել է, որ Ժվանիայի մահվան կադրեր կան, որոնք տրամադրվել են արտերկրից եւ կցուցադրվեն առաջիկայում: Սակայն չի հստակեցվել` խորհրդարանական ընտրություններից առաջ, թե հետո: Հիշեցնենք, Զուրաբ Ժվանիան, պաշտոնական վարկածով, մահացել է գազային թունավորումից:

Համաձայն ցուցադրված կադրերի`Աջարիայի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Թեմուր Փաթարիձեն եղբոր` Օթար Փաթարիձեի միջոցով չեչեն վարձու մարդասպաններին պատվիրել է Վաթո Քիփիանիի սպանությունը, հայտնում է «GHN»-ը: Քիլլերները վերցնում են գումարը, բայց չեն սպանում, այլ պատանդ են վերցնում պատվիրատու Օթար Փաթարիձեին: Քիլլերները ձայնագրել են ողջ գործընթացը:

Վրաստանի ՆԳՆ-ն ցուցադրությունից հետո հայտարարել է, որ սպանության հետ  կապ չունի` մեղքը բարդելով վրացական քրեական աշխարհի եւ ռուսական հատուկ ծառայությունների վրա:

Համաձայն հայտարարության` «տարածված կադրերում ապանությանը ՆԳՆ-ի մասնակցության ոչ մի ապացույց չկա, բացի դաժան տանջանքների ենթարկված Օթար Փաթարիձեի հարկադիր զրույցից»: