Քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար եւ լեգիտիմ համարվել: Այդ մասին ասվում է Վրաստանում իր քաղաքական հայացքների համար ազատազրկման դատապարտված ակտիվիստ Վահագն Չախալյանի` ջավախահայությանն ուղղված ուղերձում:
«Ընտրություն կատարելիս քաջ գիտակցեք, որ Սաակաշվիլիի իշխանության մնալու դեպքում նոր թափ են ստանալու դեպի Ջավախք թուրքական ներթափանցման գործընթացները: Սաակաշվիլիի իշխանության մնալը նշանակում է, որ Ջավախքում բազմապատկվելու են անօրինական ձերբակալությունները եւ սեփականության բռնագրավման դեպքերը, բանտում են մնալու ջավախքահայ քաղբանտարկյալները, շարունակվելու է հայկական դպրոցների դեմ գրոհը, աշխատանքից են ազատվելու հայ ուսուցիչները եւ ծառայողները, խոնարհվելու են հայկական եկեղեցիները, մի խոսքով՝ շարունակվելու են այն բոլոր խայտառակ երեւույթները, որոնց մենք ականատես ենք 2004-ից՝ Սաակաշվիլիի իշխանության գալու տարուց»,- նշել է Չախալյանն ու հավելել. «Այսօ՛ր, ա՛յս ընտրություններում Սաակաշվիլիի համար աշխատողները աշխատում են Ջավախքի հայաթափման ծրագրերի իրականացման օգտին, ինչը հանցանք է սեփական ազգի դեմ եւ պատժելի է ամբողջ խստությամբ»:
«Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում Ձեզ քվեարկության ժամանակ որոշում կայացնելիս կուլ չգնալ ճնշմանը եւ սպառնալիքներին: Առաջնորդվեք բացառապես Ձեր խղճի եւ համոզմունքների թելադրանքով եւ հայրենի Ջավախքի շահի գիտակցմամբ»,- ամփոփել է Չախալյանը:




























