ՀՀ 2011 թ. պետական բյուջեի ծախսերի 8.5%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին` կազմելով շուրջ 84 մլրդ դրամ եւ 79.9%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Այդ մասին նշված է ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարմա հաշվետվությունում: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:

Հատկացված ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվել է երեք բնագավառների` գյուղատնտեսություն (50.5%), տրանսպորտ (36.2%) եւ էներգետիկա (6.6%);

Նշենք, որ էներգետիկայի ոլորտում ծախսերը ոչ թե թերակատաարվել են, այլ 63%-ով գերակատարվել՝ կազմելով 5.5 մլրդ դրամ: Գերակատարումը պայմանավորված է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկից կառուցման վարկային ծրագրի բարձր կատարողականով:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերում նման շեղումները թույլատրելի են:

Մեծ թերակատարում կա տրանսպորտի ծախսերի մասով: 2011 թ. տրանսպորտի բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 30.4 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի կատարումը 61.4%-ով: Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ հիմնականում դա պայմանավորված է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրի կատարողականով: