Հարկերի հավաքագրումը 2011 թ. դրսեւորել է կայուն վարքագիծ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2011 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ընդհանուր առմամբ՝ պետական բյուջեի եկամտային մասի վերջնական ճշգրտված պլանը կազմել է 883.2 մլրդ դրամ, որը կատարվել է 99.7%-ով: Այդ ոչ մեծ թերակատարումը, ըստ Ա. Ջանջուղազյանի, հետեւանք է դրամաշնորհների կատարողականի ցածր աստիճանով (ստացվել է նախատեսված դրամաշնորհների 92%-ը): Առանց դրամաշնորհների կատարողականը 100.4% է;
Ինչ վերաբերում է հարկային եկամուտներին (բյուջեի եկամուտների 72.4% -ը հարկեր են), ապա, Ա. Ջանջուղազյանի խոսքով, դրանք դրսեւորել են կայուն վարքագիծ, բոլոր ամիսներին գերակատարում է եղել: Հարկային եկամուտների ընդհանուր ծավալը 2011 թ. կազմել է 632 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 17.1%-ն է; Հարկերի կառուցվածքում ավելացել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը, սակայն 52%-ը դեռ անուղղակի հարկեր են:





























