Իրանի հետ էներգետիկ համատեղ ծրագրերը շարունակում են Հայաստանի համար գերակա ու առաջնահերթ մնալ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը:

Նրա տեղեկացմամբ՝  Իրանի շուրջ զարգացումները եւ դրանց տնտեսական հետեւանքները չէին կարող ազդեցություն չթողնել հայ-իրանական ծրագրերի իրականացման տեմպերի վրա: Առավել եւս՝ այդ ծրագրերը խոշոր ֆինանսական հատկացումներ են պահանջում: Այսպես՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը կարժենա 300 մլն դոլար, ու ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում է իրանական կողմը: Այս պահին մոտ 10 մլն դոլար է ծախսվել գեոֆիզիկական եւ գեոտեխնիկական աշխատանքների համար:

Ըստ . Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կկոնկրետացվեն շինարարության սկսման ժամկետները: