Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի որդուն` Թոմին կասկածում են մեքենայության փորձ կատարելու մեջ: Նրա դեմ հայց է ներկայացվել փարիզյան դատախազությունում: Իրավախախտումը, ենթադրվում է, կատարվել է 2011թ. նոյեմբերին:
Դատախազությունը նախնական քննություն է սկսել: Գործը կամ կփակվի, կամ կփոխանցվի դատաքննիչին: Օգոստոսին ֆրանսիական իշխանություններն այս գործով օգնություն էին խնդրել Մարոկկոյի իշխանություններից:
Ինչպես գրում է «Մոսկոսվսկի կոմսոմոլեցը», 2011թ. հունիսին փարիզյան ուղղիչ դատարանը 15 հազար եվրոյով տուգանել էր Թոմ Ֆաբիուսին`մեղադրելով վստահությունը չարաշահելու մեջ: Նրա դեմ 2009թ. երկու հայց էր ներկայացվել`արդյունաբերողից եւ ներդրողից, որոնց հետ նա համագործակցում էր միկրոչիպերով քարտերի արտադրության նախագծի շրջանակում: Ներդրողը հայտարարել էր, որ Ֆաբիուսի պատճառով 90 հազար եվրո է կորցրել:
Թոմին լսումների ընթացքում հաջողվել է պայմանավորվել հայցվորի հետ, որը հետ է կանչել իր հայցը, սակայն դա Ֆաբիուսին չի փրկել պատժից: Գործընթացի ժամանակ նա հայտարարել էր, որ աշխատում է անշարժ գույքի ոլորտում:




























