Ադրբեջանը հարկ է, որ ընդունի անխուսափելին. Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունն անկախ պետություն է` ձեւավորված  պատմական Ղարաբաղի տարածքի վրա: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի` ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթը  եւ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայերի եւ ադրբեջանցիների ուս ուսի ապրելու» հեռանկարին վերաբերող  պնդումները:

Բաբայանի խոսքով` հնարավոր է, Մամեդյարովի հայտարարությունները տեղավորվում են սեփական ժողովրդին ԼՂ անկախությունը փաստի ճանաչմանը պատրաստելու տրամաբանության մեջ: «Պատմական Լեռնային Ղարաբաղը զբաղեցրել է մոտ 25 հազ. քկմ: ԼՂՀ-ն պատմական Ղարաբաղի մի մասն է, մյուս մասը Ադրբեջանի կազմում է: Այնպես որ մենք այսօր եւս ապրում ենք ինչպես հարեւաններ»,-նշեց Բաբայանը` ավելացնելով, որ այս պահին գլխավորը խաղաղություն  է: Սակայն խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին այն դեպքում, երբ Ադրբեջանում ստոր մարդասպանը հերոսացվում է` պետք չէ:

«ԼՂՀ-ն անկախ պետություն է: Եւ Ադրբեջանը  պետք է ընդունի անխուսափելին: Մամդյարովի խոսքերը, այլ կերպ, քան  սեփական ժողովրդին տվյալ փաստի ընդունման նախապատրաստում, հնարավոր չէ մեկնաբանել: Եթե նախարարն իր ելույթում այլ բան նկատի ունի, ասենք, ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու երազանքը, ապա դա պարզպես իրականության ոչ նորմալ ընկալում է: Իսկ անմեղսունակ հայտարարությունները չարժե վերլուծել»,-եզրափակեց Բաբայանը: