Բոննի ոստիկանությունը Pro NRW ազգայնական կուսակցությանն արգելել է սեպտեմբերի 29-ի հավաքի ընթացքում հակաիսլամական ծաղրանկարներ ցուցադրելը: Իշխանությունները նաեւ արգելել են հավաքվել Ֆահդ թագավորի անվան իսլամական ակադեմիայի դիմաց, ինչպես նախատեսել էին:

Ինչպես տեղեկացնում է dapd-ը, Բոննի ոստիկանությունն անգամ քննարկել է հավաքն արգելելու հավանականությունը: Իրավապահ մարմիններում բացատրել են, որ զգուշանում են մահմեդական երկրներում հակագերմանական ցույցերի ալիքից: Հավաքը կհսկեն 1000 ոստիկաններ:

Ակնկալվում է, որ Pro NRW-ի ցույցին կմասնակցի շուրջ 100 մարդ: Ազգայնականների հավաքի կարգախոսն է` «Հանուն խոսքի ազատության, ընդդեմ իսլամիստների ծայրահեղականության»: Այդկերպ նրանք ցանկանում են իրենց վերաբերմունքն արտահայտել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով արեւմտյան պետությունների դիվանագիտական առաքելությունների վրա իսլամիստների գործած հարձակումների նկատմամբ:

Pro NRW-ի մայիսյան ակցիան, որի ընթացքում ցուցադրվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հանգեցրել էր սալաֆիթների եւ աջերի բախմանը: Արդյունքում տուժել էին 29 իրավապահներ, 100-ից ավելի մարդ էր ձերբակալվել: