ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չինացիներին արգելել է գնել ԱՄՆ-ում գործող 4 հողմաղացներ` գործարքը ազգային անվտանգությանը համար վտանգավոր համարելով:
Հողմաղացները, որոնք գտնվում են Օրեգոն նահանգի ռազմածովային ուսումնավարժական բազայի մոտակայքում, ցանկացել է ձեռք բերել Ralls Corporation ընկերությունը, որը պատկանում է չինացի ձեռնարկատերերին: Այն գրանցված է ԱՄՆ-ում, սակայն հիմնականում տնօրինում է չինացի արտադրողը:
Բազայում, որի հարեւանությամբ գտնվում են հողմաղացները, անօդաչու ինքնաթիռների փորձարկումներ են իրականացվում, փոխանցում է BBC-ի ռուսական գործակալությունը:
Սա վերջին 22 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ նախագահը արգելում է օտարերկրյա գործարքը, նախկինում չինացի գործարարների նկատմամբ նման որոշում կայացրել էր Ջորջ Բուշ-ավագը:
Օբամայի ներկայիս քայլը հավանաբար ավելորդ անգամ կսրացնի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ եղած տնտեսական լարված հարաբերությունները: Նախկինում ամերիկյան գործող նախագահը սուր քննադատության էր արժանացել նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կողմից` Չինաստանի նկատմամբ ոչ բավարար խիստ քաղաքականության համար:





























