Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, իր վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Աշտարակ մայրուղու սկզբնամասից բերման են ենթարկել 1953 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Համլետ Խ.-ին եւ ուղեւոր, 1969 թ. ծնված Անդրանիկ Կ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ Անդրանիկ Կ.-ի մոտից հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցին նմանվող 0.5 գ զանգված, ներարկիչ` 0.5 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող անգույն հեղուկով, 0.1 գ սպիտակ փոշի եւ 5 մլ-անոց ներարկիչ` լ 0.2 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող անգույն հեղուկով: «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվել է 16 սմ շեղբի երկարությամբ ինքնաշեն դանակ:
Նույն օրը, ժամը 18.45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ֆուչիկի եւ Մարգարյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արման Ղ.-ին` իր «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայով: Նրա մոտից հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցին նմանվող 0.5 գ զանգված, 5 մլ-անոց ներարկիչ` 0.3 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող անգույն հեղուկով:
«Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ դանակ: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:




























