Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զեկուցվել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայում Սիրիա վերադառնալ չեն կարող, եւ քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ, մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու ժամկետի երկարաձգումն արդեն նյութական դժվարություններ ունեցող սիրիահայերի համար խնդրահարույց է:

Ելնելով վերոնշյալից եւ հաշվի առնելով հարցի հրատապությունը` կառավարության ղեկավարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք եւ մեքենան Հայաստանում շահագործելու հնարավություն ընձեռել առանց տուրքի եւ տուգանքի:

Վարչապետ Սարգսյանը եւս մեկ անգամ հորդորել է պատկան մարմիններին սիրիահայերի հարցերը պահել ուշադրության կենտրոնում եւ գտնել առկա խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ: