Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում:
ԿԸհ մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» եւ 2012թ. սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2012թ. դեկտեմբերի 2-ը եւ հաստատել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Նշենք, որ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքի պատգամավորի տեղը թափուր էր մնացել, երբ Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ, իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահից հետո:




























