ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել մսամթերքի շուկայում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին Հանքավանում մրցակցային խնդիրներին նվիրված սեմինարում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Մասնավորապես՝ կուսումնասիրվի, թե որքանո՞վ օրինական է այս կամ այն մսամթերքում գոմեշի մսի օգտագործումը:

Անդրադառնալով պետական գնումների համակարգում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին՝ Ա. Շաբոյանն ասաց, որ մրցակցային օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել դեղորայքի եւ մանկապարտեզներին սննդի մատակարարման գործընթացում: Ըստ Ա. Շաբոյանի՝ հակամրցակցային համաձայնություններն այս ոլորտում ընդամենը հետեւանք են, իսկ պատճառը գնումների մասին օրենքի պահանջները չկատարելն է: Օրինակ՝ բուժհաստատությունները խախտել են օրենքը՝ չեղյալ հայտարարելով արդեն կայացած մրցույթը, այն պատճառաբանությամբ, որ «Նատալի ֆարմից» նվիրատվություն են ստանում: Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Նատալի ֆարմը» բուժհաստատություններին նվիրատվություններ կատարելով՝ պարզապես հետապնդել է մրցակիցներին  շուկայից դուրս մղելու նպատակ:

Ա. Շաբոյանը նշեց, որ գնումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայում քննարկվում: Իսկ մինչ այդ՝ այն տնտեսվարողները, որոնք կրկնակի խատումներ թույլ կտան դեղերի կամ պետգնումների այլ ոլորտներում, կենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեղերի պետգնումների ոլորտում իրավիճակն էապես բարելավվել է: