ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին ռազմավարական գործընկերության վրաց-ամերիկյան կոմիտեի առաջին հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։

«Ամերիկյան քաղաքականությունը կմնա այնպիսին, ինչպիսին որ կա։ Մենք երբեք չենք ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այնպես, ինչպես և երբեք չենք ճանաչել մերձբալթյան երեք հանրապետությունների ընդգրկումը Խորհրդային Միության կազմում»,- հայտարարել է Բրայզան։

Բրայզան նշել է, որ ԱՄՆ-ում սպասում են, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ կմեղմանա, «իսկ Վրաստանը կպահպանի ռազմավարական այնպիսի համբերություն, ինչպիսին նա ցուցադրում է ներկայումս»։ Նա հույս ունի, որ բոլոր կողմերը կխուսափեն սադրանքներից, և կհետևեն, որպեսզի լարվածությունը չվերածվի ռացմական հակամարտության։ Բրայզայի կարծիքով, ժամանակի ընթացքում Վրաստանը «առավել հրապուրիչ կդառնա աբխազական ու հարավօսական բնակչության համար, և նրանք կորոշեն վերադառնալ Վրաստան»։

Լրագրողի այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որևէ համաձայնության գալ այդ հարցի շուրջ, ընդհանուր դիրքորոշում գտնել, Բրայզան պատասխանել է, որ այդպես չի կարծում. «Ռուսաստանի դիրքորոշումն էապես տարբերվում է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի դիրքորոշումից։ Երկար տարիներ՝ մեկ տասնամյակից ավելի Ռուսաստանը տարեկան ստորագրում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկուական բանաձև, որոնցով հատուկ վերապահվում էր Ռուսաստանի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը»։ «Ռուսաստանը փորձում է համոզել մյուս երկրներին ճանաչել Վրաստանի այդ անջատողական տարածաշրջանները։ Սակայն ոչ ոք դա չի արել. ո՜չ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության, ո՜չ ԱՊՀ շրջանակներում»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալի օգնականը։

Ըստ նրա, «Վրաստան Ռուսաստանի ներխուժման ժամանակ» ռուսական կողմի գործողությունները հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցման Ռուսաստանի բազմամյա քաղաքականությանը։ «Ռազմավարական գործընկերության վրաց-ամերիկյան կոմիտեի առաջին հանդիպմամբ մենք նոր գլուխ ենք բացում Վրաստանին օգնություն ցուցաբերելու մեր ջանքերում»,- եզրափակել է Բրայզան։