Թբիլիսիի ժամանակով (որը համընկնում է երեւանյանին) ժամը 08.00-ին Վրաստանում բացվել են ընտրատեղամասերը, եւ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ճշտված տվյալներով` ցուցակներում ընդգրկված են ավելի քան 3 մլն 600 հազար ընտրողներ:

Ընդհանուր առմամբ, խորհրդարան կանցնեն 150 պատգամավորներ, որոնցից 77-ը համամասնական ընտրակարգով, 73-ը` մեծամասնական (մեծամասնական ընտրատարածքներում):

Օրենսդիր մարմինը կընտրվի 4 տարով, այսօրվա քվեարկությունը կավարտվի ժամը 20.00-ին, ինչից հետո կամփոփվեն ընտրությունների արդյունքները:

Ավարտված ընտրարշավի ընթացքում երկրում քաղաքական սուր պայքար է սկսվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի միջեւ: Մատնանշված երկու մրցակիցներից բացի, որոնք թեկնածուներ են առաջադրել նաեւ մեծամասնական բոլոր ընտրատարածքներում, 5%-ի արգելքը հաղթահարելու եւ խորհրդարան անցնելու որոշակի հնարավորություններ ունի նաեւ Գեորգի Թարգամաձեի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը: Ընտրություններին մասնակցող մնացած 13 քաղաքական ուժերը նախընտրական մրցավազքի ակնհայտ «աութսայդերներ» են:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը իրենց քարոզարշավը կառուցել են  հակառուսական հիստերիայի  սրացման հիմքով` Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիային մեղադրելով Կրեմլի հետ կապերի մեջ:  Իր հերթին Իվանիշվիլին իր նախընտրական քարոզարշավը կառուցել է ներքաղաքական ուղղվածության եւ երկրի ղեկավարության սոցիալ-տնտեսական եւ անձամբ Սահակաշվիլիի քաղաքականության կտրուկ քննադատության հիմքով: Ընդդիմության առաջնորդը նաեւ հանդես է եկել Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերից: Վրաստանի ներկայիս իշխանությունների համար ջախջախիչ հարված է դարձել ընդդիմության կողմից հեռուստաալիքներով Թբիլիսիի Գլդանի բանտի բռնությունների ցուցադրումը: Դա բողոքի ակցիաներ է առաջացրել, հրաժարական են տվել ՆԳՆ-ի ղեկավարը եւ պատժի իրագործման նախարարը:  Թբիլիսիում սեպտեմբերի 29-ի ընդդիմության հանրահավաքը դարձել է ամենազանգվածայինը Վրաստանի անկախության տարիներից ի վեր` հավաքելով  200-300 հազար մարդ: Միխայիլ Սահակաշվիլին էլ կատարվածն անվանել է «երկրում թշնամական ներքին եւ արտաքին ուժերի մոբիլիզացում»:

Հոկտեմբերի 1-ին միաժամանակ տեղի են ունենում նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները: