Կոլումբիայում սեպտեմբերի 30-ի երեկոյան 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ են արձանագրել ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ցուցիչները:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարավարեւմտյան Կաուկա նահանգի Պոպայան քաղաքից 45 կմ հարավ` 167 կմ խորությունում, Էկվադորի հետ սահմանի մոտ:
Այս պահի դրությամբ խոշոր ավերածությունների կամ մարդկային զոհերի մասին ոչ մի տեղեկություն չկա, քանի որ երկրաշարժի հիպոկենտրոնը խորքային է եղել: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը սկզբնապես հայտնել էր 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին, այնուհետեւ այն իջեցրել` 7,1-ի:
Երկրաշարժն զգացվել է հարեւան Էկվադորում, սակայն իշխանությունները հայտնել են, որ ոչ մի լուրջ ավերածություն եւ մարդկային զոհեր չկան: Խաղաղ օվկիանոսում հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումը հանվել է:
Դա վերջին 9 ամիսների ընթացքում 2-րդ երկրաշարժն է Կոլումբիայում, ընդ որում` նույն տեղում: 2011 թվականի դեկտեմբերի 31-ին նույն շրջանում 4,7 բալ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել` Էկվադորի սահմանից ոչ հեռու, Կոլումբիայի հարավ-արեւմուտքում: Այն ժամանակ էպիկենտրոնը գտնվել է 106 կմ խորությունում:





























