Վրաստանում խորհրդարանական ընտրությունների սկսվելուց մի քանի ժամ առաջ գլխավոր թեման դարձել է Գուրջուանի  շրջանում տեղի ունեցած ողբերգությունը: Այստեղ մահացել է 10 ամսական աղջնակ` ընդդիմադիր  դաշինքի ակտիվիստուհու զարմուհին:  

Գուրջուանի  շրջանի Կոլակի գյուղում սեպտեմբերի 30-ի ցերեկը կորել է 10 ամսական երեխա: Մի քանի ժամ որոնումներից հետո աղջիկը գինու կարասում է հայտնաբերվել: Աղջկան փրկել չի հաջողվել: Աղջնակի ծնողները հայտարարել են, որ  կատավածը կապում են  իրենց բարեկամուհու` «Վրացական երազանքի» ակտիվիստուհու քաղաքական գործունեության հետ, որին բազմիցս սպառնացել էին Ազգային շարժման ակտիվիստները, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»

Կոլակի գյուղում բնակիչները պահանջում են  գտնել եւ պատժել մեղավորներին:  «Վրացական երազանք» կոալիցիայից մեծամասնական թեկնածու Մանանա Բերիկաշվիլին մեղքը  դրել է Ազգային շարժման վրա: 

Իշխող կուսակցության մամուլի խոսնակ Չիորա Տակտակիշվիլին մահացած երեխայի ընտանիքին ցավակցություն է հայտնել, եւ այդ թեման անվանել քաղաքական անընդունելի շահարկում:

Գուրջուանիում Ազգային շարժման մեծամասնական թեկնածու Գեորգի Գվինաշվիլին հայտարարել է, որ  իր հակառակորդի պնդումը «անցնում է բոլոր սահմանները»:

Միեւնույն ժամանակ,  «Վրացական երազանք» կոալիցիան հայտարարել է, որ տվյալ պահին իրենք կատարվածին քաղաքական որեւէ գնահատական չեն տա: 

Վրաստանի ՆԳՆ-ն երկրի քաղաքական կուսակցություններին կոչ է արել քաղաքական նպատակների համար չօգտագործել երեխայի մահվան փաստը: