Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ժամանել է Մոսկվա, որտեղ հասցրել է  ճաշել  McDonald`s-ում եւ  լուսանկարվել Վասիլի Երանելու տաճարի ֆոնին:

Հոկտեմբերի 1-ին ամերիկյան միլիարդատերը «Սկոլկովոյում» կհանդիպի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւ Արկադի Դվորկովիչին: Նրանք կքննարկեն IT ոլորտում փոխգործակցությունը եւ ռուսական  հեռանկարային սթարթափերը, որից հետո Ցուկերբերգը հավանաբար կմասնակցի «Առաջին ալիքի» «Վեչերնի Ուրգանտ» հաղորդմանը, գրում է  «Իզվեստիան»:

Այդ մասին իր միկրոբլոգում հայտնել է Իվան Ուրգանտը, հաղորդոմ է rbc-ն:

Ինչպես հայտնում է «utro.ru»-ն, այցի հիմնական նպատակներից մեկը ծրագրավորողների Facebook World Hack մրցույթի հաղթողների հետ շփվելու նրա մտադրությունն է, որոնց Ցուկերբերգը մտադիր է աշխատանքի վերցնել Facebook-ի Քալիֆորնիայի գրասենյակում: 
Հիշեցնենք, որ IBS Group-ի նախագահ Անատոլի Կարաչինսկին իր էջում գրել էր, որ գործարարը  առաջատար ռուս ծրագրավորողների ներգրավելու աշխատանք է ծավալում: