Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են  ընդդիմության երկու ազդեցիկ գործիչների սպանության կասկածյալին: Այդ մասին հայտնել է  ներքին գործերի նախարարը` հավելելով, որ ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործության պատճառները:

Զոհվածներից մեկը` Գիսոն Վալերոն, «Արդարությունն ամեն ինչից վեր» կուսակցության ակտիվիստներից է, մյուսը` Օմար Ֆերնանդեսը, աջակցում էր ընդդիմությանը որպես քաղաքական անկախ գործիչ,  հայտնում է   ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հանցագործությումնը կատարվել էր Ուգո Չավեսի հայրենի Բարինաս նահանգում` հանրահավաքի տասնյակ մասնակիցների աչքի առաջ: Անհայտ անձինք կրակել էին ֆուրգոնից: Կա ենթադրություն, որ  ֆուրգոնը կարող էր պատկանել PDVSA նավթային ընկերությանը կամ տեղական  կառավարման  կենտրոնին:

Վենեսուելայում հոկտեմբերի 7-ին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Հավակնում են 7 թեկնածուներ, սակայն հիմնականը գործող նախագահ Ուգո Չավեսն է եւ ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը: Ըստ  սոցհարցումների վերջին տվյալների` Չավեսի օգտին պատրաստ են քվեարկել  48%-ը, Կապրիլեսի օգտին`  32%-ը: