Սեպտեմբրի 30-ին իրանական դատարանը մեղավոր է ճանաչել Reuters-ի Թեհրանի բյուրոյի ղեկավար Պարիս Հաֆեզին իսլամին հասցված անարգանքի եւ հասարակական կարծիքի չարաշահման մեջ: Վերջնական դատավճիռը կհայտարարվի հոկտեմբերին:
Reuters-ի թեհրանյան ստորաբաժանման ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ մինչեւ վերջնական դատավճռի կայացումը, հաղորդում է «Լենտա.ru»-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական արվեստ ուսումնասիրող իրանցի կանանց մասին տեսնյութը, որն ուներ «Հազարավոր կին-նինջաներ մարզվում են, որպեսզի իրանցի վարձու մարդասպան դառնան» վերնագիրը, Reuters գործակալության համար սկանդալով է ավարտվել: Չնայած այն հանգամանքին, որ վերնագիրը անմիջապես փոխվել է` դառնալով «Երեք հազար կին-նինջա մարզվում է Իրանում». Իսլամական հանրապետության իշխանությունները ետ են կանչել գործակալության բոլոր 11 աշխատակիցների հավատարմագրերը: Կանայք, ում մասին խոսվել տեսանյութում, դատի են տվել Reuters-ի Թեհրանի ղեկավար Պարիս Հաֆեզիին:





























