Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն քվեարկել է խորհրդարանական ընտրություններին: Նա ընտրատեղամաս այցելել է կնոջ եւ կրտսեր որդու հետ:

«Այսօր որոշվում է պետության ճակատագիրը: Ոչ ոք չի կարող խանգարել վրաց ժողովրդի ճակատագրին: Մեր ժողովուրդը միշտ էլ ճիշտ որոշում է կայացրել, եւ ես վստահ եմ, որ այսօր ակտիվ մասնակցություն կլինի: Ես չեմ խոսում կուսակցական հաղթանակի մասին: Վրաց ժողովուրդն անպայման կհաղթի», - ասել է Սահակաշվիլին, մեջբերում է «GHN»-ը:

Ինչպես հայտնում է «Նովոստի Գռուզիան», ընտրություններն ընթանում են բարձր ակտիվությամբ. առավոտվանից ընտրատեղամասերի առջեւ հերթեր են գոյացել:

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Ճշտված տվյալներով` ցուցակներում ընդգրկված են ավելի քան 3 մլն 600 հազար ընտրողներ: Ընդհանուր առմամբ, խորհրդարան կանցնեն 150 պատգամավորներ, որոնցից 77-ը համամասնական ընտրակարգով, 73-ը` մեծամասնական (մեծամասնական ընտրատարածքներում):

Ավարտված ընտրարշավի ընթացքում երկրում քաղաքական սուր պայքար է սկսվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի միջեւ: Մատնանշված երկու մրցակիցներից բացի, որոնք թեկնածուներ են առաջադրել նաեւ մեծամասնական բոլոր ընտրատարածքներում, 5%-ի արգելքը հաղթահարելու եւ խորհրդարան անցնելու որոշակի հնարավորություններ ունի նաեւ Գեորգի Թարգամաձեի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը: Ընտրություններին մասնակցող մնացած 13 քաղաքական ուժերը նախընտրական մրցավազքի ակնհայտ «աութսայդերներ» են: