Նյու Յորքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո է կայացել: Միջոցառմանը հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցել, ովքեր վերջին երկու տասնամյակում օգնել են հիմնադրամին: Միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
ԱԳՆ-ի ղեկավարը նշել է ընդհանուր հայրենիքի` Հայաստանի ամրապնդման ուղղությամնբ հիմնադրամի աշխատանքի կարեւորությունը: «20 տարի առաջ, երբ ավերիչ երկրաշարժի վերքերը դեռ բուժված չէին, Թուրքիան եւ Ադրբեջանը կազմակերպեցին Հայաստանի շրջափակումը, այդ պայմաններում հիմնադրվեց Համահայկական հիմնադրամը եւ նույն պահին էլ կանգնեց Հայաստանի եւ Արցախի կողքին», - հիշեցրել է Նալբանդյանը:
«Հայաստան» հիմնադրամը կառուցել է 500 կմ ճանապարհ, 300 կմ ջրատար եւ 150 կմ գազատար խողովակներ, օգնություն է ցուցաբերել շինարարությանը, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգմանը եւ այլն:





























