Ադրբեջանում սեպտեմբերի 29-ի առավոտյան ձերբակալված բլոգեր եւ երիտասարդական NİDA կազմակերպության ակտիվիստ Զաուր Ղուրբանլիի ճակատագիրը դեռեւս անհայտ է:
Ինչպես հաղորդում է Turan-ը, Ղուրբանլին ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ի առավոտյան Բաքվի մոտ գտնվող Խիրդալան քաղաքի իր տան մոտ: Միաժամանակ այլ երիտասարդական կազմակերպության գրասենյակ են եկել մի քանի անձինք, որոնք ներկայացել են որպես Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Գլխավոր վարչության աշխատակիցներ:
Նրանք խուզարկություն են անցկացրել` առգրավելով NİDA-ին վերաբերող տպագիր նյութեր: Այնուհետեւ գրասենյակ է հասցվել Ղուրբանլին, եւ նրանից խոստովանությւոն են կորզել, որ նյութերը պատկանում են NİDA-ին:
Նյութերի շարքում եղել են նաեւ դեռեւս չտարածված բուկլետներ, որոնց վրա պատկերված է եղել նախագահ Իլհամ Ալիեւի կիսադեմը հիշեցնող գլուխ` «2013 թվականին ես կհեռանամ, եթե դու դառնաս NİDA-ի անդամ» մակագրությամբ:
NİDA-ի ակտիվիստները եւ ակտիվիստի հարազատները չեն կարողացել պարզել Ղուրբանլիի գտնվելու վայրը: Անպատասխան են մնացել նաեւ Գլխավոր դատախազության, մայրաքաղաքային դատախազության եւ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ուղղված հեռախոսազանգերը:





























