Հոկտեմբերի 30-ին Վրաստանի Կոլակի գյուղում սպանված 10 ամսական աղջնակը հայուհի Բարբարա (Վարվարա) Ռաֆալյանցն է:
Վրացական լրատվամիջոցների համաձայն «Ոստիկանություն հայտարարություն է տրվել այն մասին, որ Գուրջուանի շրջանի Կոլակի գյուղի բնակչուհի 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցը կորել է»: «Անհետացման պահին տանը եղել են հայրը, մայրը, եւ տատիկը: Ոստիկանները, ընտանիքի անդամների հետ միասին, օպերատիվ կերպով անցել են աղջկա որոնմանը: Մեկ ժամ անց երեխան հայտնաբերվել է ջրով լի կավե կարասի մեջ: Վրաստանի ՆԳՆ իր խորին ցավակցությունն է հայտնել մահացած երեխայի ընտանիքի անդամներին», - ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ, փոխանցում է NEWS.ge-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Աղջնակի ծնողները կատարվածը կապում են իրենց բարեկամուհու` «Վրացական երազանքի» ակտիվիստուհու քաղաքական գործունեության հետ, որին բազմիցս սպառնացել էին Ազգային շարժման ակտիվիստները:
Կոլակի գյուղում բնակիչները պահանջում են գտնել եւ պատժել մեղավորներին: «Վրացական երազանք» կոալիցիայից մեծամասնական թեկնածու Մանանա Բերիկաշվիլին մեղքը բարդել է Ազգային շարժման վրա:





























