Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը սեպտեմբերի 30-ին ստորագրել է նույնասեռականության բուժումն արգելող օրինագիծ:
Օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից, արգելում է «նույն սեռի անձանց` միմյանց նկատմամբ ունեցած հակումը» վերացնելուն ուղղված հոգեբանական մեթոդների կիրառումը: Օրինագծին աջակցել են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ բժշկական եւ հոգեբանական բազմաթիվ կառույցներ, հայտնում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով New York Times-ին:
Ռեպարատիվ թերապիան հիմնվում է այն գաղափարի վրա, որ նույնասեռականությունը մանկության տարիներին ստացած հոգեբանական հարվածի հետեւանք է: Այն բանից հետո, երբ մասնագետները պարզեն պատճառները, հիվանդները կարող են ձերբազատվել նույն սեռի մարդկանց նկատմամբ տածած սիրուց կամ հակումից, կարծում են տեսության կողմնակիցները: Նրանց աջակցում են բազմաթիվ բժիշկներ եւ հոգեբաններ: Սակայն շատ նույնասեռականներ, որոնց բուժել են այդ մեթոդով, ասում են, որ դրանից ընկճախտ է առաջանում, մեղքի զգացողություն, վախ կամ էլ ագրեսիա: Նրանցից մեկն ասել է, որ բժիշկներն իրեն ստիպել են գրառել իր բոլոր նույնասեռ կապերը: Այնուհետեւ հրամայել են ընտրել ամենատհաճ տեսարանները եւ բարձրաձայն կարդալ ընտանիքի անդամների առջեւ:




























