Հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը կբոյկոտի բոլոր հարցերի քվեարկությունը: Այդ մասին նիստի ընթացքում հայտարարել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա չի նշել, թե դա ինչի հետ է դա կապված: Պատճառը հավանաբար գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քննարկումն է: Ազգային ժողովի քվեարկությունը կլինի գաղտնի եւ փակ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:




























