Միջազգային դասակարգմամբ Հայաստանը արդեն իսկ ծերացող երկիր է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նշելով արված վիճակագրական տվյալները` նա ասաց որ մեր երկրին վերաբերվող տվյալները բավականին մտահոգիչ են, կանխատեսվում է , որ մինչեւ 2050թ. Հայաստանում բնակվող տարեց բնակչության թիվը գրեթե կկրկնապատկվի` 469.000-ից հասնելով 885.000-ի, իսկ միջին տարիքը կլինի 49,4 այսօրվա 32,6-ի փոխարեն, ու դա կարող է լուրջ սոցիալ –տնտեսական հետեւանքներ ունենալ, պետության ուսերին գցելով հսկայական պատասխանատվություն թոշակառուներին ապահովելու տեսանկյունից:
«Այս առումով առաջ կգան հիմնախնդիրներ ու մարտահրավերներ, ուստի եւ անհրաժեշտ են դրանց լուծման կոնկրետ ծրագրեր: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ այս հարցերին առնչվող Վիեննայում ու Թաիլանդում տեղի ունեցած կոնֆերանսներին մասնակցեց նաեւ Հայաստանը, ուստի հրամայական դարձավ կոնկրետ միջոցառումներ անցկացնել»,-ասաց Հայրապետյանը:
Անրադառնալով Հայաստանում ծերացման հիմնախնդիրների կարգավորնանը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նշեց , որ ՀՀ կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման եւ տարեցների սոցիալական պաշտպանության ու ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողության ծրագրին»։
«Բացի այդ փորձում ենք գտնել ոլորտում տեղ գտած թերությունները, ունենք կոնկրետ ծրագրեր: Հայաստանում միայնակ տարեցների թիվը 14 հազար է: Նրանք սպասարկվում ու խնամվում են: Պոլիկնինիկաները նրանց տրամադրում են անվճար բուժսպասարկում, հարց է բարձրացված հիվանդանոցումներում նույնպես անվճար սպասարկման անցնելու: Այժմ գործում է տարեցների 3 պետական եւ 4 մասնավոր տուն-ինտերնատներ: Շրջաններում նախատեսվում է բացել ինտերնատներ, տնակ-ակումբներ, այդ ամենը պետք է իրականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները:Ավագանիների կողքին ծրագրվում է ստեղծել ավագների խորհուրդ, որտեղ տարեցները կարող են հանդես գալ առաջարկություններով ու իրենց փորձը հաղորդել երիտասարդներին»,- ասաց փոխնախարարը։
Ամփոփելով իր խոսքը նա նշեց, որ Հայաստանում տարեց համարվում են 63 –ը լրացած մարդիկ, բայց նրանցից շատերը դեռ աշխատելու ցանկություն ունեն, բացի այդ շատ արհեստներ մոռացվում են, կամ դրանց տիրապետում են միայն մեծահասակները, ուստի անհրաժեշտ է նրանց ներգրավել այդ գործում, քանի որ հենց նրանք կփոխանցեն երիտասարդներին իրենց փորձը:





























