Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կինը` Եկատերինա Խվեդելիձեն հոկտեմբերի 1-ին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ նրա ամուսինը հրաժարվել է մասնակցել ընտրություններին:

Ընտրությունը կատարելուց հետո Խվեդելիձեն լրատվամիջոցներին մեկնաբանություններ չի տվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Մինչդեռ կնոջը ուղեկցող Բիձինա Իվանիշվիլին լրատվամիջոցներին հայտնել է, որ նա հենց սկզբից որոշել է չմասնակցել այս ընտրություններին եւ իր այդ քայլը բացատրել է նրանով, որ Վրաստանի իշխանությունները բազմիցս փոխել են Վրաստանի Սահմանադրությունը` այն հարմարացնելով իրենց գործելաոճին:

Ներկայումս Իվանիշվիլին Ֆրանսիայի քաղաքացի է: Վրացական իշխանությունները հրաժարվել են վերականգնել նրա քաղաքացիությունը, սակայն 2012 թ-ի մայիսին երկրի խորհրդարանը հաստատել է որոշ ուղղումներ, ըստ որի Եվրամիության երկրներում ապրող վրացիներին, ովքեր ծնվել են Վրաստանում եւ 5 տարի շարունակ բնակվել են այդ երկրում, քվեարկելու հնարավորություն է տրվել, սակայն Իվանիշվիլին հրաժարվել է օգտվել այդ հնարավորությունից` այն համարելով «մեկ անձի համար ընդունված» ուղղումներ: