Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրել է մեքենայի յուրացման մեջ: Մեղադրանքները ներկայացվել են գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քննարկման ընթացքում:
«Եթե Վարդան Օսկանյանի անունը փոխարինենք Աղվան Հովսեփյանով, ապա կարելի է նույն իսկ մեղադրանքներով քրեական գործ հարուցել», - կարծում է Փաշինյանը: Ըստ նրա` յուրացման կամ վատնելու ձեւակերպումը կարելի է կիրառել նաեւ Հովսեփյանի նկատմամբ` ծառայողական «Ֆոլքսվագեն Ֆաետոն» մեքենան յուրացնելու համար: Փաշինյանի պնդմամբ` մեքենան այլ անձի է պատկանում, սակայն ապօրինի եղանակով յուրացվել է գլխավոր դատախազի կողմից, որը դրան ուղղակի «ամրացրել է» ծառայողական պետհամարանիշները:
Շոշափելով քննարկվող հարցի էությունը`Փաշինյանը հայտարարել է, որ դատախազի միջնորդությունում նշված չէ, թե ում է պատկանում Օսկանյանի կողմից իբրեւ թե յուրացված գումարը: Ի պատասխան Աղվան Հովսեփյանը նշնել է, որ քրեական գործ հարուցվել է նաեւ 179-րդ հոդվածով (յուրացում եւ վատնում), եւ գումարը պատկանում է ամերիկյան ընկերությանը, որը, վստահելով Վարդան Օսկանյանին, 181 հազար դոլար է փոխանցել`«Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվին փոխանցելու համար: Մինչդեռ, ըստ Հովսեփյանի, Օսկանյանն այդ գումարը ծախսել է անձնական նպատակներով, ինչի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած մեղադրանքներին, ապա Հովսեփյանը Փաշինյանին խորհուրդ է տվել դիմել դատաքննչական մարմիններ: Ընդ որում, Աղվան Հովսեփյանը նշել է, որ պատրաստ է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























