Սանկտ Պետերբուրգի սերվիսի եւ տնտեսագիտության պետական ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Վիկտորովին սպանողներն ստացել են 1 միլիոն ռուբլի: Ընդ որում, մարդասպանը 600 հազար ռուբլին անմիջապես ծախսել է` մեքենա է գնել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել են Պետերբուրգի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հանցագործների ձերբակալման համար համատեղ աշխատանք է տարվել Պետերբուրգի եւ Լենշրջանի քննչական կոմիտեների եւ ԱԴԾ-ի հետ: Տղամարդիկ չեն իմացել, որ իրենց հետեւում են: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Կեմերովոյի բնակիչ, 1974 թվականին ծնված Անդրեյ Ելիսեեւը, իսկ որպես կատարողներ են հանդես գալիս պետերբուրգցի Վյաչեսլավ Մակարովը (1980 թ.) եւ Լենշրջանի բնակիչ Վիտալի Կովալյովը (1974 թ.):
Հայտնի է նաեւ, որ սպանության նախապատրաստումն սկսվել է օգոստոսի 22-ին: Սեպտեմբերի 30-ին Պետերբուրգում բռնել են ռեկտոր Ալեքսանդր Վիկտորովի սպանության կասկածյալին: Ենթադրյալ մարդասպանի հետ ձերբակալել են նաեւ պատվիրատուին եւ մարդասպանի օգնականին: Ձերբակալված բոլոր քաղաքացիները նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել տարբեր հանցագործությունների համար: Իսկ ենթադրյալ մարդասպանին դատել էին պատվիրված սպանության համար:
Ինչպես նշում է «Ռոսբալտը», ուժային կառույցների ներկայացուցիչները հրաժարվել են նշել սպանության պատճառները, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց հայտնի է սպանության դրդապատճառները: Վիկտորովի այրին գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վսեվոլոժկոյում քաղաքից դուրս իր տան մոտ հրաձգության էր ենթարկվել Սանկտ Պետերբուրգի սերվիսի եւ տնտեսագիտության համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Վիկտորովը: Վիրավորվել էր նաեւ նրա կինը: Մարդապանին բռնել չէր հաջողվել: Ոստիկաններն այդ հանցագործությունը կապել էին տուժածի մասնագիտական գործունեության հետ:





























