Աշխարհի հայ նկարիչների միությունը, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ Լեհաստանի երկու քաղաքներում տեղադրել է հայ եւ լեհ ժողովրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարեր:

Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի` Վրոցլավի կենտրոնում տեղադրվել է խաչքար, որը նշանավորում է հայ եւ լեհ ժողովրդների դարավոր բարեկամությունը: Եվս մեկ խաչքար տեղադրվել է Հովհաննես Պողոս Բ-ի ծննդավայր Օլշթեյն քաղաքում: Այն խորհրդանշում է Հայաստանի եւ Լեհաստանի բարեկամությունը եւ պոնտիֆիկի հիշատակը: 4.5 եւ 3.5 մետր բարձրությամբ բնական կարմիր տուֆից պատրաստած խաչքարերի հեղինակներն են Տարոն Մարտիրոսյանը եւ Բագրատ Բալաբեկյանը:

Խաչքարերի բացման արարողություններին ներկա էին Լեհաստանի խորհրդարանի նախագահը, մշակույթի նախարարը, պետական եւ հոգեւոր գործիչներ, ինչպես նաեւ Աշխարհի հայ նկարիչների համանախագահները եւ «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենը:

«Խաչքարը` հայ ազգի, նրա պատմության եւ կրոնի ամենահայտնի կերպարն է եւ ամենաճանաչված խորհրդանիշը: Դարեր ի վեր, առ այսօր խաչքարը հանդիսանում է ոչ միայն հայկական արվեստի  հուշարձան, այլ նաեւ ազգի ոգու արտահայտություն: Նախիջեւանի խաչքարերի ոճով պատրաստված այս հուշարձանները կդարնան հայ եւ լեհ ժողովուրդների եւս մեկ խորհրդանիշ», - նշեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը:

«Հազարավոր տարիներ խաչքարերը տեղադրվել են պատմական եւ մշակութային նշանակալի իրադարձությունների պատվին: Արվեստի այս կոթողները կրում են հայ ժողովրդի ոգին ու հիշողությունը, հարուստ պատմությունը եւ մշակույթը: Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը մշտապես աջակցում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին: Աշխարհի հայ նկարիչների հետ մեր համագործակցությունը` բարի ավանդույթ է, եւ շատ հաճելի է տեսնել, որ մեր ներդրումը հնարավորություն ընձեռեց տեղադրել ոչ միայն հայոց հարուստ պատմության երկու հուշակոթող, այլեւ Հայստանի եւ Լեհաստանի բարեկամության երկու խորհրդանիշ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ: 

Խաչքարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում`  «Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը. հայկական խաչքարեր» ձեւակերպմամբ: