Մարդկությունը արագ քայլերով ծերանում է, արդեն 2022 թ-ին 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը կհատի  միլիարդի սահմանը, իսկ 2050 թ-ին տարեց մարդիկ ավելի շատ կլինեն, քան 15 տարեկանից ցածր երեխաները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի բնակչության ոլորտի (UNFPA) նոր հաշվետվության մեջ:

Ինչպես նշում են հաշվետվության հեղինակները աշխարհում ամեն վայրկյան երկու մարդ իր 60-ամյակն է նշում: Միունույն ժամանակ զարգացած երկրներում կյանքի միջին տեւողությունը կազմում է 78 տարին, իսկ զարգացող երկրներում` 69 տարին: Գիտանականների կանխատեսումներով 2050 թ-ին կյանքի միջին տեւողությունը կբարձրանա` հասնելով 83 եւ համապատասխանաբար 74 տարիներին: 2050 թ-ին հարյուր տարեկան եւ ավելի մարդկանց թիվը կաորղ է անցնել 3,2 միլիոնը:

Կանայք դեռեւս ավելի երկար են ապրում տղամարդկանցից: 60 եւ ավելի տարեկան 100 կանանց բաժին է հասնում 84 տղամարդ: Հարյուր տարեկան 100 կանանց` միայն 61 տղամարդ:

Հաշվետվության հեղինակները նշում են, որ, չնայած Երկրի բնակչության ծերացման հակումներին, իրավիճակը ճգնաժամային համարելու պատճառներ չկան, քանի որ ավագ սերունդը հսկայական ներդրում է կատարում հանրային կյանքում: Համաշխարհային ղեկավարները պետք է ընդունեն այդ փաստը եւ այնպիսի քաղաքականություն մշակեն, որը կապահովի տնտեսության արդյունավետ գործունեությունը փոփոխվող դեմոգրաֆական իրավիճակում, նշված է հաշվետվության մեջ: