Վրաստանում ժամը 15.00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություննեին մասնակցել է ընտրողների 45%-ը: Նման տվյալներ է բերել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկությունը կավարտվի թբիլիսյան ժամանակով ժամը 20.00-ին:
Հենց այդ պահին էլ կհայտարարվեն ընտրատեղամասերից դուրս եկող ընտրողների սոցհարցման արդյունքները: Դրանք կարող են հանգեցնել երկրում առանց այդ էլ լարված դրության սրացման: Հարցումն անցկացնում են 5 կազմակերպություններ: Մասնավորապես, դրանք պատվիրել են «Վրաստանի հանրային հեռարձակողները», «Ռուսթավի 2» եւ «Իմեդի» հեռուստաալիքները, որոնք բազմիցս աջակցել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: Իր հարցումն է պատվիրել նաեւ «Մաեստրո» ալիքը, որն աջակցում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր կոալիցիային: Եւս մեկ հարցում է պատվիրել «Ընտրողների լիգան»: Փորձագետները կանխատեսում են, որ ժամը 20.00-ից հետո կհայտարարվեն հարցումների հակառակ արդյունքներ, ինչը լրացուցիչ լարվածություն կառաջացնի:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, ընդդիմության կողմնակիցները 20.00-ին կհավաքվեն Թբիլիսիի կենտրոնում` Ազատության հրապարակում: «Վրացական երազանքը» Թբիլիսիում 9 մեծ էկրաններ է տեղադրել, որոնցով կհեռարձակվի ընդդիմադիր «9-րդ ալիքի» հաղորդումները: Նման էկրաններ են հաստատվել նաեւ Վրաստանի խոշոր 6 քաղաքներում:




























