ՀՀ ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քննարկումը: Տվյալ փուլում քննարկումն ընթանում է Օսկանյանին հարցեր ուղղելու ձեւաչափով:
«Պարոն Աբրահամյան, գիտեմ` ինչի եք ուզում հասնել այդ հարցը տալով»,- ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին ասել է Վարդան Օսկանյանը`ի պատասխան հարցի, թե արդյոք Օսկանյանի նշած գումարը եղել է այն նույն հաշվեհամարին, որին գումարը փոխանցել է Հանթսմանների ընտանիքը: «Ոչ, այդ 410 հազարը նույն հաշվի վրա չի եղել: Ես բանկային 4 հաշվեհամար ունեմ, որոնցում ընդհանուրը 780 հազար դոլար կար: Երբ Հանթսմանների գումարը հատկացվեց, ես բանկային 5 հաշվեհամար ունեցա: Ես իմ ելույթում այդ գումարների մասին նշեցի ցույց տալու համար, որ ինձ հարկավոր չէին Հանթսմանների փողերը: Ինչի՞ս են պետք նրանց փողերը, եթե իմ սեփականն ունեմ», - հայտնել է Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ իրեն վիրավորված է զգում. «Մարդը կարող է ինչ-որ հարցերում սխալվել: Կարելի է նստել, զրուցել, դրա համար գոյություն ունի արդարադատության նախարարություն: Սակայն ինձ ապշեցրեց, երբ հունիսի 1-ին ԱԱԾ-ից ծանուցում ստացա: Եթե խնդիր լիներ, կանչեին ինձ, ասեին «պարոն Օսկանյան, խնդիր կա, ես կբացատրեի»:
Այս հայտարարությանը Աբրահամյանն առարկեց` աելով, որ «եթե Օսկանյանը ժամանակին պարզաբանումներ ներկայացներ իրավապահ մարմիններ, ոչ թե խուսափեր նրանց հետ հանդիպումներից, հնարավոր է, նման խնդիրներ այսօր չլինեին»: Ի պատասխան Օսկանյանը նկատեց. «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ առիթ տվեցիք»: Աբրահամյանն իր հերթին նշեց, որ «առիթ տալը քաղաքական կատեգորիա չէ: Այդ ժամանակ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ խոսնակի մոտ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո իրեն խաբված է զգում. «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ ինչ-որ նպատակով էիք հրավիրել: Չեմ ցանկանում այժմ այդ մասին խոսել: Մենք պետք է առանձին խոսենք: Սպասում եմ Ձեր զանգին: Դուք պետք է ինձ զանգահարեք: Պարտավոր եք: Ես պետք է գամ ձեզ մոտ զրուցելու, որովհետեւ Դուք այն օրը...»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























