Ելույթների ավարտից անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության անդամները կլքեն խորհրդարանի նիստերի դահլիճը`հրաժարվելով մասնակցել Վարդան Օսկանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես հաղորդվել էր, ՀՀ ԱԺ-ում այսօր`հոկտեմբերի 1-ին քննարկվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:

Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը կքննարկի ԱԺ-ի հետագա նիստերին մասնակցելու նպատակահարմարությունը, հայտնելով, որ համենայն դեպս այս շաբաթ բոլոր նիստերը կբոյկոտվեն: «Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք հետեւի քվեարկությանը: «Կենտրոն» հեռուստաալիքի   տեսախցիկները կհետեւեն իրադարձությունների զարգացմանը»: Նա նաեւ խորհրդարանական խմբակցություններին կոչ է արել չմասնակցել քաղաքական այդ կեղծիքին: «Այն խորհրդարանական խմբակցությունները, որոնք մտադիր են դեմ քվեարկել միջորդությանը, ես կոչ եմ անում չմասնակցել այդ կեղծիքին եւ օրինական չդարձնել քաղաքական  այդ գործընթացը», - հայտարարել է խմբակցության քարտուղարը: Ըստ Զոհրաբյանի` միջնորդությունն իրավաբանական հիմք չունի, այլ մաքուր քաղաքական քայլ է` ուղղված Օսկանյանի եւ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Դա քաղաքական պատվեր է, որի մասին մենք կհայտնենք միջազգային բոլոր կառույցներին, մասնավորապես վաղը` ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում», - ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: