ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը  դեմ է Վարդան Օսկանյանի հարցով Հայաստանի դատախազի միջնորդությանը եւ չի հանձնի պատգամավորին: Այդ մասին հայտնել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ինչպես հաղորդվել էր, ՀՀ ԱԺ-ում այսօր`հոկտեմբերի 1-ին քննարկվում է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:

Դիմելով պատգամավորներին` Վարդանյանը նշել է, որ «հանձնելով Օսկանյանին` յուրաքանչյուրը պատասխան պիտի տա իր խղճի եւ ժողովրդի առաջ»: Ըստ խորհրդարանականի` կա միայն գլխավոր դատախազի միջնորդությունը, սակայն բացակայում է Օսկանյանի մեղքի  ապացույցը: Վարդանյանը նշել է, որ եթե հաշվի առնենք, որ Հանթսման ընտանիքը եւ  «Սիվիլիթաս» հիմնադրամը հայց չեն ներկայացրել, ապա ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանը մեղավոր չէ:  Պատգամավորն ընդգծել է, որ չի կասկածում, թե ինչպես կքվեարկի խորհրդարանը, հիշեցնելով, որ ՀՀԿ-ն կազմում է խորհրդարանական մեծամասնություն, որին կարելի է միացնել նրա կոալիցիոն գործընկեր  «Օրինաց երկրին»: Վարդանյանը գործընկերներին կոչ է արել ամեն դեպքում  քվեարկել խղճի մտոք:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի