Վարդան Օսկանյանն ասում է, որ Հանթսմանն ավելի քան 1 միլիոն դոլար է իրեն տվել իր սիրուն աչքերի համար: Իսկ գուցե Ղարաբաղը բանակցային գործըթացից դուրս թողելու, Քելբաջարն ու Լաչինն օկուպացված տարածքներ համարելու ու որպես արտգործնախարար ինչ-ինչ ծառայություններ մատուցելու համա՞ր է ստացել այդ գումարները: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս իր խոսքը սկսեց` հիշեցնելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ապօրինի գործունեության, նրա թանկարժեք «Ֆոլկսվագեն Ֆաետոն» մեքենայի մասին`նշելով, թե ինչու մամուլի հրապարակումների վերաբերյալ քրգործ չի հարուցվում, որովհետեւ «գլխավոր դատախազը հենց ինքը Աղվան Հովսեփյանն է»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե չի պատրաստվում կոմպրոմիսի գնալ մարտի 1-ի ոճրագործների հետ, որոնց թվում նշեց Աղվան Հովսեփյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց անունները: «Ես չեմ պատրաստվում Մարտի 1-ին քաղաքացիների վրա կրակած խմբավորման անդամներից որեւէ մեկին պաշտպանել մյուս անդամների հարձակումներից»,- նշել է Փաշինյանը` հավելելով, որ Վարդան Օսկանյանը պայքարում է 2008 թվականին քաղաքացիների վրա կրակած խմբավորմանը իշխանության առաջին դիրքեր բերելու համար. «Հենց սրանում է էժանագին քաղաքական շոուի, ես կասեի օճառային օպերայի իմաստը»:



























