ՀՀԿ կարիք չունի անհանգստանալու այն մասին, թե ինչպես է քվեարկելու Օսկանյանի հարցով, իրենց կզանգեն եւ կասեն` ինչպես քվեարկել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 1-ին ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ մինչեւ քվեարկություն նրանք կհավաքվեն եւ կհստակեցնեն իրենց դիրքորոշումը, ավելորդ էին: « Հայտարարությունն այն մասին, որ պետք է մարդուն հնարավորություն տալ պաշտպանվելու, խելքին մոտ չէ: Իրավապահ մարմինները պետք է հնարավորություն ունենան ապացուցել նրա մեղքը, իսկ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»,- ասաց պատգամավորը: Հովհաննիսյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում, իր անձնական հաշվեհամարին գումարներ են փոխանցվել:

 «Հիմա ես մտածում եմ, կդառնա արդյոք այդ ծրագիրը առիթ, որ ինձ էլ պատասխանատվության ենթարկեն», - նշեց Հովհաննիսյանը, հավելելով, որ «ոչ մեկի մոտ կասկած չկա, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը  չի մասնակցի քվեարկությանը»: Հովհաննիսյանը նշեց, որ «Վարդան Օսկանյանին մեղադրում են փողերի լվացման մեջ, սակայն ներկայիս ընդդիմության ներկայացուցիչները մոռանում են, որ ժամանակին, իրենք պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելուց առաջ ծեծում էին խորհրդարանի դահլիճում»:

«Ես կցանկանայի, որ այս դահլիճում ներկա գտնվողներից յուրաքանչյուրը կարողանար Օսկանյանի պետ հասարակությանը ներկայացներ իր ֆինանսական կարողությունը: Համոզված եմ, որ շատերին միանգամից կձերբակալեին»,- ասաց Հովհաննիսյանը: Պատգամավորը վերջում հետաքրքրվեց գլխավոր դատախազից, թե երբ են գալու իր հետեւից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: