Հայաստանը հանձնառու է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զորացմանը: Մենք սատարում ենք Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների գործընթացը եւ պատրաստ ենք մեր տեսանելի ներդրումն ունենալ: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա վստահ է, որ բարեփոխումները հնարավորություն կտան բարձրացնելու ՄԱԿ-ի դերը աշխարհի առջեւ հառնած վճռորոշ խնդիրների հարցում եւ հասնելու թե Հազարամյակի զարգացման, եւ թե Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
«Մենք ողջունում ենք այն փաստը, որ առաջարկվել է, 67-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում համատեղ պատասխանատվության հրատապ հարցերի հետ մեկտեղ, նստաշրջանի ընթացքում կենտրոնանալ նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի վրա»,- նշել է Նալբանդյանը եւ հավելել. «Այս համատեքստում ՄԱԿ-ի շրջանակներում տեղի ունեցավ Խաղաղության մշակույթի վերաբերյալ բարձր մակարդակի առաջին ֆորումը, որը հանդուրժողականության, փոխըմբռնում եւ փոխադարձ հարգանք ստեղծելու կոչով հանդես եկավ»:
Վերջինիս խոսքով, դժբախտաբար, այսօր ատելությունն ու անհանդուրժողականությունը շարունակում են տարածվել աշխարհի որոշ անկյուններում, եւ «մենք դեռ պետք է փնտրենք ու հասկանանք այդպիսի իրավիճակների արմատներն ու դրդապատճառները, խիզախություն ունենանք դժվարին հարցադրումներ անելու դրանց պատճառների մասին եւ առերեսվելու դրանց, երբեմն ցավալի, պատասխաններին»:





























