«Ես նույնպես պետք է իմ մտահոգությունն արտահայտեմ Սիրիայում ընթացող զարգացումների եւ մարդասիրական իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որն անմիջականորեն է ազդում այդ երկրում ապրող մեծաթիվ հայ համայնքի վրա: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս համայնքը հիմնականում ձեւավորվել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը վերապրածներից: Այսօր նրանք, ինչպես Սիրիայի շատ քաղաքացիներ, կյանքի համար պայքար են մղում: Հայաստանը շարունակում է Սիրիայից փախստականներ ընդունել, ովքեր խիստ մտահոգված են երկրում սաստկացող բռնություններով: Անհնարին է տեւական լուծման հասնել առանց բոլոր կողմերի կողմից ընդհարումների դադարեցման եւ առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության, որը բոլոր սիրիացիների շահերը հաշվի կառնի»,- նշել է Նալբանդյանը: