«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի միջեւ` վերջինիս կողմից մանդատը վայր դնելու պայմանավորվածություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատարյանը: «Նման պայմանավորվածության մասին խոսք անգամ չի եղել կուսակցությունում: Մեր մոտ ամեն ինչ որոշվում է ընդհանուր, կոլեգիալ քննարկման արդյունքում եւ ցանկացած որոշում կայացվում է այդ կերպ, այդ հարցում որեւէ քննարկում չի եղել, նման պայմանավորվածություն գոյություն չունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ համաձայնություն է ունեցել, որ իր հետ միասին նա եւս պետք է մանդատը վայր դնի, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին: «Ժառանգության» առաջնորդը ասել է, որ Քոքոբելյանի վերադարձից հետո ինքը եւ այս, եւ այլ հարցերի վերաբերյալ կլսի նրա պատասխանները եւ մի քանի շաբաթ անց այս ամսվա ընթացքում վերջնական պատասխան կտա իր թեկնածության առաջադրման վերբերյալ: «Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության միջոցով կամ, եթե դրանից լավ այլընտրանք կա` ուրիշին զորակցելով, որ այս անգամ մեր ժողովուրդը ունենա համոզիչ, հաղթական այլընտրանք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:




























