Հայաստանում գործող գնումների աջակցման կենտրոնն անհասկանալի եւ ավելորդ օղակ է պետական գնումների համակարգում: Այդ մասին հայտարարեց Գերմանիայի մրցակցային մարմնի գնումների բողոքարկման խորհրդի փոխնախագահ Հանս Հելմուտ Շնայդերը, ով հանգստյան օրերին Հանքավանում հայ լրագրողներին եւ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրեց մրցակցության կառավարման գերմանական փորձը: Ըստ Հ. Շնադերի՝ Գերմանիայում եւ Եվրամիության այլ երկրներում նման օղակ չկա, իսկ պետական մարմինները խորհրդատվության համար, ըստ ցանկության, ընտրում են որեւէ մասնավոր գործակալ:
Նշենք, որ գնումների աջակցման կենտրոնը ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի գործառույթներից են պետական գնումների մասնակիցներին խորհրդատվության տրամադրումը, ուսուցումը, բողոքարկման հայտերի քննարկումը, տեղեկատուների հրապարակումը, շրջանակային համաձայնագրերի կնքումը եւ այլն:





























