Մենք երբեք չենք անելու հայտարարություններ եւ քայլեր, որոնք կվտանգեն եւ կվնասեն Հայաստանի հեղինակությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչ են պատրաստվում անել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեժաժողովում` կապված Վարդան Օսկանյանի գործի հետ: «Անկախ մեր երկրի ներսում տարբեր հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններից` մենք բոլորս պիտի հասկանանք, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք, եւ թող որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե մենք ԵԽԽՎ-ում քննադատելու եւ պախարակելու ենք մեր երկիրը: Մեկ բան ակնհայտ է, այս գործը պետք է լինի միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում եւ մենք մեր եվրոպացի գործընկերներին խնդրելու ենք, որ իրավական առումով այս գործը պահեն իրենց ուշադրության կենտրոնում, քանզի մենք մնում ենք վստահ այն համոզման, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջոնրդությունը զուրկ է իրավական որեւէ հիմքից»,- ասաց Զոհրաբյանը:
Նշենք, որ ԱԺ-ում այսօր`հոկտեմբերի 1-ին քննարկվել է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Վարդան Օսկանյանի գործի մասին կհայտնեն միջազգային բոլոր կառույցներին, մասնավորապես վաղը` ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:




























