ԱՄՆ գերագույն դատարանը հրավիրել է գլխավոր դատախազին` ներկայացնելու համար ԱՄՆ կառվարության դիրքորոշումը Իններորդ շրջանային դատարանի որոշման վերաբերյալ, որով չեղյալ է համարվում ամերիկահայերի` ապահովագրական ընկերությունների դեմ հայցերի ներկայացումը թույլ տվող Կալիֆոռնիա նահանգի օրենքը, տեղեկացում է Ամերիկակի հայ ազգային կոմիտեն (ANCA):
«ANCA-ն ողջունում է գլխավոր դատախազին հրավիրելու Գերագույն դատարանի որոշումը` պարզաբանումներ տալու համար Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության հայցերի վերաբերյալ պահանջների մասով», ասել է ANCA-ի` կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը:
«Ապահովագրական ընկերություններից եւ բանկերից փոխհատուցում պահանջելու իրավունքը պետք է բացարձակ լինի: Մենք հուսով ենք, որ գլխավոր դատախազը կհաստատի, որ ամերկյան բարոյական արժեքները եւ սեփականության իրավունքը չեն կարող չեղյալ համարվել օտարերկրյա, այս դեպքում` թուրքական կառավարության միջամտության միջոցով»,-ավելացրել է նա:
ԱՄՆ գլխավոր դատախազն իր տրամադրության տակ մի քանի ամիս կունենա` քննելու եւ պաշտոնական պարզաբանումներ ներկայացնելու Իններորդ շրջանային դատարանի որոշման վերաբերյալ, որից հետո Գերագույն դատարանը կորոշի` քննել հարցը, թե ոչ:




























