Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է ընդդիմադիր հեռուստաընկերությունների տարածած տեղեկությունը, որ հատուկ ջոկատայինները ներխուժում են ընտրատեղամասեր եւ ստիպում, որ հանձնաժողովի անդամները ստորագրեն կեղծ արձանագրություններ:
«Մի շարք լրատվամիջոցներ տարածել են տեղեկություններ այն մասին, որ ոստիկանության ստորաբաժանումները ընտրատեղամասերի տարածքում կրակոցներ են արձակել եւ ուժ կիրառել: ՆԳՆ-ն կտրականապես հայտարարում է, որ սույն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ ապատեղեկատվություն է: Ոստիկանությունը ապահովել է այդ տեղամասերի անվտանգությունը, երբ այդտեղ որոշ անկարգություններ են առաջացել: Բոլոր տեղամասերում, որտեղից ոստիկանությունն ահազանգ է ստացել, եւ համապատասխան գործողություններ է իրականացվել, բոլոր ակտիվիստները հեռացել են առանց դիմադրության: Ցանկանում ենք ընդգծել, որ զենք եւ հատուկ նշանակության միջոցներ ոստիկանության կողմից չեն կիրառվել»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերել է «Новости Грузия»-ն:
Միեւնույն ժամանակ «Մաեստրո» եւ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունները ցուցադրել են ռետինե գնդակները, որոնցով հատուկ ջոկատայինները կրակել են ընտրատեղամասերից քվեատուփերը դուրս բերելու ժամանակ: Նույն հեռուստաալիքները տեղեկացրել են նաեւ, որ Խաշուրիի շրջանում ԵԱՀԿ դիտորդները եւս արձանագրել են ոստիկանության ստորաբաժանումների մուտքն ընտրատեղամասեր: Ցուցադրված կադրերում եւս հստակ երեւում են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ կիրառում եւ կրակ արձակում:
«Նոր սերունդ-նոր նախաձեռնություն» երիտասարդական կազմակերպությունը կոչ է արել չեղյալ հայտարարել Խաշուրիի շրջանում ընտրությունները:





























