Վրաստանում արձանագրությունների 9,9%-ի մշակումից հետո ընդդիմադիր «Վրացական երազանքն» ստացել է ձայների  57,13%-ը: «Միացյալ ազգային շարժումն» ունի 38,14% ձայն: Հաշվարկվել են 3766 ընտրատեղամասերից 373-ի տվյալները: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: 150 պատգամավորներից 77-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, եւս 73-ը կանցնեն մեծամասնականով: Պայքարել են 2 դաշինք եւ 14 կուսակցություններ, որոնք կարող են խորհրդարան անցնել, եթե հաղթահարեն 5%-ի  արգելքը:

Ինչպես հայտնում է «Նովոստի Գռուզիան», «Վրացական երազանքը» տվյալ պահին հաղթում է մեծամասնական 26 ընտրատարածքներում, «Միացյալ ազգային շարժումը»` 25: Ընտրողների մասնակցությունը կազմել է 61%:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի երեկոյան հարցումների արդյունքների հրապարակումից հետո Սահակաշվիլին ընդունել էր համամասնական կարգում իր կուսակցության պարտությունը, սակայն վստահեցրել էր, որ իրենք հաղթել են մեծամասնական ընտրատարածքներում:

Սահակաշվիլին, սակայն, կասկածում է, թե իր կուսակցությանը կհաջողվի  ստանալ պատգամավորական մանդատների մեծամասնությունը: