Հաքերները գրոհել են ԱՄՆ-ի Սպիտակ տան համակարգչային ցանցը, սակայն մասնագետները հաջողությամբ դիմագրավել են հարձակմանը, եւ տեղեկատվության արտահոսք չի եղել:

Հարձակման ժամանակ կիրառվել է էլեկտոնային կեղծ նամակների զանգվածային ուղարկումը, հայտնում է AP-ն` վկայակոչելով իր աղբյուրներին: 

Ըստ The Washington Free Beacon կայքի` հարձակումն իրականացրել են Չինաստանի կառավարության հետ կապ ունեցող մի խումբ հաքերներ, գրում է «Նովիե իզվեստիան»:

Ինչպես լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին, պետության ղեկավարի  նստավայրի ներքին ցանցը հատուկ համակարգերով է համալրված, որոնք թույլ են տալիս պայքարել նման սպառնալիքների դեմ:

Ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սպիտակ տանը կիբեռանվտանգության հարցը վաղուց համարում են ամենաառաջնայիններից մեկը: Արդեն նախագահի հրամանագրի նախագիծ կա պատրաստված, որը մասնավոր ընկերությունների համար համակարգիչները հարձակումներից պաշտպանելու չափանիշներ է սահմանում: