Նախընտրական շրջանում քաղաքական հայտնի գործչի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասկածի տեղիք է տալիս: Այդ մասին ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ` կապված Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի քրեական հետապնդման հետ:
Հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով, որ «Սիվիլիթասի» ղեկավարությունը մեղադրվում է հարկերը չվճարելու, եւ միաժամանակ բարեգործական միջոցների ոչ նպատակային վատնումի համար,
Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի գլխավոր դատախազը ԱԺ է ներկայացրել միջնորդություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին,
Ընդգծում ենք, որ նախընտրական շրջանում քաղաքական հայտնի գործչի նկատմամբ քրեական գործի հարուցումը այդ գործի քաղաքական բնույթի վերաբերյալ կասկածի տեղիք է տալիս:
Կարծում ենք, որ Վարդան Մինասի Օսկանյանը` բարեկեցիկ ընտանիքի ներկայացուցիչ, այն մարդը չէ, որից պետք էր սկսել «մաքրումը» կամ «կաշառակերության դեմ պայքարը»:
Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է դադարեցնեն քրեական հետապնդումը: Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի գլխավոր դատախազի միջնորդությունը: Անթույլատրելի ենք համարում, որ հայտնի դիվանագետը եւ քաղաքական հարգված գործիչն իր անմեղությունն է ապացուցում խորհրդարանում:
Ռուսաստանում Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ հայերին կոչ ենք անում ստորագրահավաք սկսել՝ ուղղված Հայաստանի նախագահին, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, պահանջելով պաշտպանել Վարդան Օսկանյանի բարի համբավը:
«Օսկանյանի գործի» քաղաքականացումից հետո էլ ոչ ոք մաքուր խղճով չի կարող սփյուռքահայերին Հայաստան հրավիրել եւ նրանցից օգնություն խնդրել»:





























