Մեքսիկայում բանտարկյալները կրկին ազատության մեջ են։ Կայացած համայնքային ընտրություններից դժգոհ բողոքի ցույցերի մասնակիցները ազատ են արձակել 80 բանտարկյալների։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Մեքսիկայի հարավում։

Դրանից բացի, բողոքողներն այրել են քաղաքապետարանի շենքը եւ ոստիկանության երկու մեքենա, գրում է Reuters-ը։ Ազատության մեջ հայտնված բանտարկյալներից շատերը դատապարտված էին լուրջ հանցագործությունների համար։ Ոստիկանությանն առայժմ հաջողվել է բռնել նրանցից միայն 24-ին, հայտնում է lenta.ru-ն։

«Դեմոկրատական հեղափոխության կուսակցության» կողմնակիցները դժգոհ էին ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատարանի վճռից, որի հետեւանքով հաղթող էր ճանաչվել մրցակից «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչը։ Անկարգությունների ընթացքում ոստիկանները 30 ցուցարարների են ձերբակալել։

Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Մեքսիկայում բանտարկյալների եւս մեկ զանգվածային փախուստ էր տեղի ունեցել, փախել էր 132 մարդ։